ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ

Harmony Yerevan-ը հիմնադրվել է նորաձևության սիրահար Լիլիթ Տոնականյանի կողմից: Դեռևս ուսանողության տարիներին նա ինքն իր համար ստեղծում ու կարում էր զգեստներ, որոնք մեծ հավանության էին արժանանում շրջապատի կողմից: Տարիների ընթացքում Լիլիթ Տոնականյանը գիտակցում է, որ նորաձևության հանդեպ ունեցած իր սերն ավելի է ամրապնդվել և որոշում է կյանքի կոչել իր երազանքը` սեփական նորաձևության տուն ունենալու գաղափարը: 2011թ-ին նա հանդիպում է հագուստի դիզայներ Միքայել Դանիելյանին, և այդ հանդիպումը հանդիսանում է նրանց հետագա արդյունավետ համագործակցության սկզբնակետը: Նույն տարի Լիլիթ Տոնականյանը հիմնադրում է Harmony կանացի հագուստի ապրանքանիշը, և Միքայել Դանիելյանը դառնում է ապրանքանիշի կրեատիվ տնօրենը:
Harmony-ի առաջին հավաքածուն Հայաստանում մեծ հաջողության է արժանանում: 2012թ-ին ապրանքանիշը Երևանի սրտում բացում է բուտիկ-սրահ, իսկ մեկ տարի անց Harmony-ն վերանվանվում է Harmony Yerevan:
Ապրանքանիշն իր գործունեության 5 տարիների ընթացքում ներկայացրել է 10 հավաքածու: Թեպետ հավաքածուները չափազանց տարբեր են ու բազմատեսակ, սակայն անմիջապես կարելի է ճանաչել ապրանքանիշի ուրույն ձեռագիրը:
Harmony Yerevan-ի գլխավոր սկզբունքը կնոջը հարմարավետ ու գեղեցիկ տեսնելն է՝ միաժամանակ ընդգծելով նրա անհատականությունը: Կինն ու հագուստը պետք է միմյանց ներդաշնակ լինեն. այդ մասին է վկայում նաև ապրանքանիշի անվանումը:

 

 

ԴԻԶԱՅՆԵՐԸ

Դիզայներ Միքայել Դանիելյանը ծնվել է 1979թ-ին Երևանում: Նա ի սկզբանե կոչված էր լինելու ստեղծագործ անհատականություն, ինչն արտացոլվում էր այն բոլոր աշխատանքներում, որ կատարել ու կատարում էր: 15 տարեկան հասակում Միքայելն ընդունվում է Պրոֆեսիոնալ տեխնիկական գիմնազիա, որտեղ սովորում է հագուստի դիզայն ու կար և ստանում է 4-րդ կարգի վարպետի որակավորում: Այնուհետև նա` որպես հագուստի դիզայներ, ուսումը շարունակում է «Ատեքս» հայկական նորաձևության կենտրոնում:
2001-ին Միքայելը, ավարտելով ուսումնառությունը, աշխատանքի է անցնում «Ատեքսում»` հագուստի դիզայներ և պոդիումի խորեոգրաֆ մասնագիտացմամբ: «Ատեքսում» աշխատելու 10 արդյունավետ տարիների ընթացքում նա մասնակցում է մի շարք մրցույթների: 2000թ-ին մասնակցում է «Հայկական սիլուետ» մրցույթին, որտեղ մրցանակ է շահում «Ոչ ավանդական գործվածքներից ստեղծված լավագույն հավաքածու» անվանակարգում:
2002թ-ին Սոչիի «Եվրոպայի հույսը» մրցույթում շահում է Գրան Պրի: 2004թ-ին Փարիզում անցկացվող «Սլավոնական մշակույթի օրեր» ծրագրի շրջանակներում ներկայացնում է Հայաստանը: Միքայել Դանիելյանը ստացել է առաջին մրցանակ «Ռուսական սիլուետ» միջազգային մրցույթում: Մեկ տարի անց արժանացել է ՀՀ նախագահի ոսկե մեդալին` արվեստի և կինոյի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար:
2006թ-ին մոսկովյան Կրեմլում անցկացվող «Հայաստանի տարին Ռուսաստանում» միջոցառման բացման արարողության ժամանակ ներկայացրել է իր անհատական հավաքածուն:
Միքայել Դանիելյանն անցել է նաև դիմահարդարման դասընթացներ և ստացել է Kryolan միջազգային հավաստագիր: 2010-2011թթ-ների ընթացքում աշխատել է EL Style նորաձևության ամսագրում` որպես ոճաբան:
Նրա կարիերան շրջադարձային փոփոխություն է կրել 2011թ-ին` Harmony Yerevan ապրանքանիշի կրեատիվ տնօրեն դառնալուց հետո:
Սեզոնից սեզոն նա ներկայացնում է տարբեր գործվածքներից և տարբեր սիլուետներով ստեղծված հավաքածուներ: Միքայել Դանիելյանի համար հագուստի դիզայնը պարզապես աշխատանք չէ, այլ նրա ապրելակերպն ու աշխարհը. աշխարհ, որտեղ նա ցանկանում է կնոջը տեսնել գեղեցիկ: Նրա ստեղծած հագուստները ծառայում են հենց այդ նպատակին` ընդգծելով յուրաքանչյուր կնոջ բնատուր հմայքն ու գրավչությունը:

FOLLOW US